Զատկի տոնի մասին

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *